ՏԻՄ ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 9-ի դրությամբ Լոռիի մարզի Ախթալա քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հանրապետական, գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Նա Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եղբայրն է:
ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Վանաձորում առաջադրվել է 4 թեկնածու` հանրապետական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանը եւ ՄԻԱԿ տեղական կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը:
Տաշիրում առաջադրվել են գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:
Ստեփանավանում առաջադրվել են սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը, անկուսակցական Վարդան Գրիգորյանը, ԲՀԿ-ական Սերգեյ Մարգարյանը: Միքայել Ղարաքեշիշյանը գորոծղ քաղաքապետ, «Քոթո» մականունով Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրն է:
Շամլուղում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Լենդրուշ Բեջանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Հովհաննես Առաքելյանը:
Թումանյանի քաղաքապետի պաշտոնում դեռ ոչ ոք չի առաջադրվել:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 18-ը: ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 5-ին:




























