Թուրքիայում օգոստոսի 9-ին վթարի ենթարկված ուղղաթիռի հրդեհը մարելուց հետո հայտնի է դարձել, որ  այն ռուսական է: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վթարված Ка-32-ը պատկանում էր «Նեֆտեյուգանսկի ավիաուղիներ միավորում» ընկերությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնաթիռի մեջ եղել է 5 մարդ: «Զավտրա» թերթը հաղորդում է, որ նրանցից երեքը ազգությամբ ռուս են եղել` Ալեքսանդ Գավիլով, Սերգեյ Խորոխորին, Նիկոլայ Ատեպալիխին: Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են:

Վթարը տեղի է ունեցել Մուղլա նահանգի անտառային տարածքում: Թուրքական իշխանությունների կողմից վարձակալված Ка-32Т ուղղաթիռը, հրդեհի օջախին մոտենալու ժամանակ, նախնական տվյալներով, բախվել է սարին, որից հետո սողացել եւ ընկել է դժվարամատչելի կիրճը: Վթարված ուղղաթիռի հրդեհը մարելու համար անտառների հրդեհների մարմամբ զբաղվող երկու այլ ուղղաթիռների օդաչուները կախովի բեռնարկղերից  ջուր են լցրել Ка-32Т այրվող ուղղաթիռի վրա: