Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը (ֆոտոռեպորտաժ):
Մասնագիտական տոնի առթիվ շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաեւ արձանագրելու այն նվաճումները եւ առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, եւ շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեվորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել եւ այն նոր ճարտարապետական շինությունները եւ լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները եւ այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար:
Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, եւ այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք եւ որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար»:
Շինարարի տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության եւ քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը եւ Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության եւ կո¬մունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը եւ ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով:




























