Ավստրալացի վամպիր Շեյն Չարտրս Էբոտի սպանության գործում նոր կասկածյալ է հայտնվել:
Չարտրս Էբոտի սպանության մեղադրանք է ներկայացվել ավստրալական Վիկտորիա նահանգի Port Phillip բանտի 44-ամյա բանտարկյալին: Ըստ The Australian-ի` խոսքը նախկին բռնցքամարտիկ Էվանգելոս Գուսիսի մասին է: Տղամարդը դատարանի առաջ կկանգնի օգոստոսի 13-ին, գրում է «Ռոսբալտը»:
28-ամյա Չարտրս Էբոտը վաստակում էր մարմնավաճառությամբ եւ իրեն վամպիր էր անվանում: Նրան գնդակահարել էին 2003 թվականին Մելբուռնի հյուսիսում` իր հոր եւ սիրեցյալի աչքի առաջ: Այն ժամանակ Չարտրս Էբոտը հետաքննության տակ էր հաճախորդուհու բռնաբարության մեղադրանքով: Համարվում է, որ հաշվեհարդարի դրդապատճառը վրեժն է եղել:
Ոստիկանությունը վստահեցրել է, որ վամպիր-մարմնավաճառի սպանությանը մասնակից են եղել 3 մարդ: 2008 թվականին դատապարտվել է առաջին մարդը: 2012 թվականի օգոստոսի 7-ին ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկին` 40-ամյա Ուորեն Շիին:
Շին առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել օգոստոսի 9-ին: Նա գրավի դիմաց ազատություն չի խնդրել, սակայն նրա փաստաբանը հայտարարել է, որ Շին մտադիր է պաշտպանել իր անմեղությունը:




























