Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի շարասյունը վթարի է ենթարկվել թուրքական Իզմիրում: Թուրքմենական ներկայացուցչության կոմից վարձակալված 5 «Մերսեդեսները» հերթականությամբ բախվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների մեքենաներին:
Մեքենաները վնասվել են, նախագահական խմբի որոշ անդամներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Ինքը` Բերդիմուհամեդովը չի տուժել, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Թուրքմենիայի նախագահը Թուրքիայում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով: Նա Իզմիր է ժամանել օգոստոսի 10-ին` Ալսանջակ նավահանգիստը դիտելու եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Չեշմե նահանգում սերֆինգի դպրոց այցելելու համար:
Իզմիրի «Ադնան Մենդերս» օդանավակայանում տեղի ունեցած հադիպումից հետո թուրքմենական նախագահի շարասյունը շարժվել է նավահանգստի ուղղությամբ, որի ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը:
Օրերս Բերդիմուհամեդովը այցելել է Ստամբուլ, որտեղ դիտել է Ամբարլի նավահանգիստը եւ «Մարպորտ» տերմինալը: հայտնի է դարձել, որ երկու նախագահները նավարկել են Բոսֆորի կիրճով:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի եւ Թուրքմենիայի երկկողմանի հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտել եւ որ թուրքմենա-թուրքական հարաբերությունները «բաց ծով են դուրս եկել»: Այնուհանդերձ Ստամբուլի եւ Իզմիրի նավահանգիստների այցի քննարկումները դռնփակ են տեղի ունեցել:




























