Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 18-ին ավարտվել է սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջադրվելու փաստաթղթերը չի ներկայացրել: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը NEWS.am-ին հայտնեց, որ առաջադրվել է 5 թեկնածու:
Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, եւ երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը:
Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջին պահը հստակ չէր հայտարարել չառաջադրվելու մասին: Ըստ լրատվամիջոցների, նա նեղացել էր, որ ՀՀԿ-ն իրեն արգելել է առաջադրվել, հրաժարվել էր մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից եւ անգամ ՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել:




























