Արարատ Զուրաբյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս եկած մյուս 7 անդամները կուսակցությունից հեռանալու դիմումի հետ մեկտեղ նաեւ հայտարարություն են ընդունել, որտեղ նշվում է դուրս գալու պատճառների մասին, կուսակցությունը մինչ այս պահը չի հրապարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց կուսակցությունից դուրս եկած Կարեն Կարապետյանը:
«Մենք հայտարարություն ենք ընդունել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ 8 հոգով ստորագրել ենք այդ հայտարարության տակ եւ հանձնել կուսակցությանը: Այս պահին, որեւէ մեկնաբանություն չենք անում: Իսկ, եթե կուսակցությունը ցանկություն ունի մեր հանձնած հայտարարությունը հրապարակելու, ապա խնդրեմ կարող է հրապարակել»,- ավելացրեց Կարեն Կարապետյանը:
NEWS.am-ը զրուցեց նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանի հետ, ով հետեւյալ կեպ արձագանքեց Կարեն Կարապետյանի առաջարկին. «Տեքստը բերվել է կուսակցության վարչություն եւ այն առաջիկայում կընդունվի ի գիտություն: Այն մարդիկ ովքեր տվյալ տեքսը բերել են եւ դիմում են ներկայացրել դուրս գալու վերաբերյալ ճիշտ կլինի, որ նրանք էլ ներկայացնեն իրենց պատճառները եւ տվյալ դիմումի տեքստ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալու դիմում է գրել: Նրա հետ միասին կուսակցությունը լքելու դիմում են ներկայացրել եւս 7 անձինք` Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը: Նշենք, որ Արարատ Զուրաբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայիս նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու մի խումբ անձինք ավելի վաղ հեռացել էին նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցությունից:




























