Այսօր` օգոստոսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեցին ՀՀ դատախազության 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` քննարկվեցին նախորդ 6 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանցավորության վիճակը ըստ ոլորտների ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:




























