Իրանի ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվել են 180 եւ վիրավորվել  առնվազն 1300 մարդ, տեղական հեռուստատեսությանը հաղորդել է  աղետների տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Հալիլ Սահին: Զոհերի աճը պայմանավորված է նաեւ ստորգետնյա ցնցումների կրկնությամբ:

Թավրիզ քաղաքի  հյուսիս-արեւելքում արդեն սկսվել են  փրկարարական աշխատանքները. փլատակների տակից հանում են ողջ մնացածներին:Թեհրանի  համալսարանի սեյսմագիտական կենտրոնը  հաղորդել է  իրար հաջորդող  երկու ստորգետնյա ցնցումների մասին `6,2 եւ 6,0  բալ ամպլիտուդով, այն դեպքում, երբ  ԱՄՆ-ի երկրաբանական հետախուզության տվյալներով`   ստորգետնյա ցնցումների ուժգնությունը   հասնում էր  մինչեւ  6,4-6,3 բալ:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան: