Հանրապետական կուսակցությունից  կոնգրեսական Փոլ Ռայանը ցեղասպանության փաստի ընդունման կողմնակից է, ով մշտապես առաջադրում է հանցագործության ընդունման  վերաբերյալ օրենսդրական  ակտեր եւ ստորագրում  նախագահներ Բուշին եւ Օբամային ուղղված կոնգրեսականների նամակները` Հայոց ցեղասպանության փաստի  ընդունման վերաբերյալ տրված խոստումները կատարելու պահանջով,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն  Արամ Համբարյանը:

 «Ինչպես եւ  ԱՄՆ-ի այժմյան  փոխնագահ Ջո Բայդենը, կոնգրեսական Փոլ Ռայանը  նախագահական ընտրությունների մրցավազք մտնում է  բարձրագույն 'А' վարկանիշով,- նշել է Համբարյանը: - Մենք  հուսով ենք, որ Ռոմնին եւ Ռայանը հրապարակավ  կհայտնեն իրենց  հայացքներն այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ամերիկահայ ընտրողներին: Մենք հույս ունենք, որ Օբաման եւ Բայդենը նույնպես կբացատրեն իրենց քաղաքականությունը այն հարցերի վերաբերյալ, որոնք մեզ համար առավել հետաքրքիր են»:

Նշենք, որ  Հանրապետական կուսակցությունից  ԱՄՆ-ի փոխնագահի թեկնածու, Սպիտակ տան համար պայքարում Միթ Ռոմնիի գործընկեր, Վիսկոնսին նահանգից կոնգրեսական Փոլ Ռայանը հայերի վաղեմի բարեկամն է: Այս մասին վկայում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալները:

Ռայանը Կոնգրեսի հայկական  հարցերով խմբի անդամ է եւ Կոնգրեսի` Օսմանյան Թուրքիայում  հայերի ցեղասպանության  փաստի  ընդունման վերաբերյալ բանաձեւի համահեղինակներից: 2009թ. հուլիսին  Փոլ Ռայանը  ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր  հայ-թուրքական համաձայնագրի ճանապարհային քարտեզը, իսկ 2008թ. մայիսին` ԱՄՆ Պետքարտուղարին ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը:

ԱՄՆ փոխնագահի  թեկնածուն նաեւ  Թուրքիայում հայ լրագրող եւ հասարակական գործիչ  Հրանտ Դինքի  դաժան սպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներից է: