Իրանի հյուսիս-արեւմուտքում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 250 –ի: Եւս 2000 մարդ վիրավոր է, տեղեկացնում է   AP-ին: Ավելի վաղ հաղորդվում էր 180 զոհի մասին: Ավերվել է ավելի քան 110 գյուղ: Ներկայումս փրկարարներն արդեն ավարտում են փլատակների տակ բնակիչների որոնման աշխատանքները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

Հայաստանի ԱԻ նախարարության տվյալներով` ողջ գիշեր ինչպես Թավրիզում, այնպես էլ Հայաստանի տարածքում հետցնցումներ են զգացվել: