Իրանում ավարտվել են օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի տուժածների որոնողական աշխատանքները:

«Ոչ մի բնակավայրում փլատակների տակ մարդիկ արդեն չեն մնացել, մենք հիմա օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,-հայտարարել է Իրանի ՆԳՆ ներկայացուցիչը:

Երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 250 է, եւս 2000 մարդ վիրավոր է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

Հայաստանի ԱԻ նախարարության տվյալներով` ողջ գիշեր ինչպես Թավրիզում, այնպես էլ Հայաստանի տարածքում հետցնցումներ են զգացվել: