Վլադիմիր Պուտինի եւ Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրյալ Ադամ Օսմաեւը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից, քանի որ այն տվել էր հատուկ ծառայությունների ճնշման ներքո:

Օսմաեւի տիկնոջ շահերի պաշտպան, Օդեսայի Մարդու իրավունքների պաշտպանության  ակադեմիայի նախագահՎալերի Կոչետովը «Իզվեստիա» թերթին հայտնել է, որ Օսմաեւի հանդեպ կիրառվել են դաժան խոշտանգումներ, օրինակ նրա գլխին փաթեթ են հագցրել, որով հնարավոր չի եղել շնչել: Նրա խոսքով, հատուկ ծառայությունները Օսմաեւին ստիպել են իր վրա վերցնել Պուտինի եւ Կադիրովի մահափորձի նախապատրաստումը` սպառնալով, որ դաժան միջոցների կդիմեն իր հոր հանդեպ:

Օսմաեւի կինը` Ամինան վստահեցնում է, որ Ադամի տարեց հայրը շատ հիվանդ է, ինչն էլ պատճառ է դարձել, որ ամուսինը իր վրա վերցնի մեղքը` վախենալով, որ հայրը չի դիմանա:

Օսմաեւի իրավապաշտպան Ալեքսեյ Շիպկովը չի մեկնաբանել իր պաշտպանյալի նախկին ցուցմունքից հրաժարումը, բացատրելով, որ նա իրավունք չունի բացահայտել հետաքննչական նյութերը:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ենթադրվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալվե են փետրվարի սկզբին` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:  Պայմանավորվածությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը խոստովանել են, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստվում էին սպանել Պուտինին:

Այնուհետեւ հետաքննությունը պարզել է, որ դավադիրները ծրագրավորել էին սպանել նաեւ Ռամզան Կադիրովին, երբ վերջինս պիտի մասնակցեր  Օդեսայում կայանալիք  բրազիլացի Մայք Միրանդայի եւ չեչնիացի բռնցքամարտիկ Զաուրբեկ Բայսանգուրովի բռնցքամարտին: