Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը մեկնաբանել է իր խոսքերը Կուբանում «կազակների ոստիկանություն» ներդնելու անհրաժեշտության մասին:
«Մենք ուրախ ենք հյուրեր ընդունել: Սակայն, ինչպես ասում են, մեր մենաստանն է` մեր օրենքներով: Եթե մարդը եկել է այստեղ ապրելու, ապա նա պետք է ապրի ըստ օրենքի, վճարի հարկեր եւ հարգի մեր ավանդույթները»,- հայտարարել է Ալ. Տկաչեւը «Իզվեստիային» տված հարցազրույցում:
Նահանգապետը հայտնել է, որ վերջին ամիսներին մեծանում է լարվածությունը տեղի բնակիչների եւ նորեկների միջեւ, սակայն պետք չէ մտածել, որ խոսքը վերաբերում է ռուսների եւ ոչ ռուսների հակամարտությանը: Որպես օրինակ նա նշել է, որ վերջերս Սոչիում տեղի է ունեցել բախում տեղի հայերի եւ Դաղստանից եկած շինարարների միջեւ:
Տկաչեւը նաեւ վստահություն է հայտնել, որ անօրինական ներգաղթի եւ ներգաղթյալների վարքագծի կանոնները պետք է ակտիվ քննարկվեն, իսկ այն մարդիկ, ովքեր նախընտրում են շրջանցել այդ հարցը, «ապրում են ինչ- որ այլ մոլորակում, որտեղ ընդհանրապես խնդիրներ չկան». «Այս թեմայի մասին լռելն ավելի վտանգավոր է, քան խոսելը: Ես չեմ կարող թույլ տալ, որ երկրամասում լինեն իրական միջէթնիկ տարաձայնություններ եւ կպայքարեմ դրա դեմ բոլոր մատչելի մեթոդներով»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ալ. Տկաչեւը հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում կստեղծվի կազակների հատուկ ոստիկանական ջոկատ, որը կկանխի տարածաշրջան Հյուսիսային Կովկասից մարդկանց ապօրինի ներգաղթը:




























