Պետերբուրգի իրավապահները հայտարարել են, որ օգոստոսի 10-ին կանխել են ֆուտբոլի երկրպագուների  զանգվածային բախումը` «Սպարտակ» -«Զենիթ» խաղից առաջ: Ոստիկանությունն արագ է արձագանքել, եւ բերման է ենթարկել մեկ ու կես տասնյակ մարդ, հայտնել են Պետերբուրգի ոստիկանությունում: Սակայն համացանցում հայտնված տեսագրությունն ապացուցում է, որ իրավապահներն իրականում ուշացել են, եւ ծեծկռտուքը տեղի է ունեցել:

«Զենիթի» եւ «Սպարտակի» երկրպագուները «հանդիպումը» նշանակել էին օգոստոսի 10-ին: Ժամը 21:00 սահմաններում մոտ 60 մարդ հավաքվել է Կարպինսկու փողոցի եւ Նաուկայի պողոտայի խաչմերուկում:

Տեսանյութում երեւում է, որ երկու խմբերը շարժվում են իրար դեմ: Երիտասարդները տապալում են միմյանց խոտածածկ տարածքի վրա, թափահարում են բռունցքներով, գրում է NEWSru.com-ը:

Այնուհետեւ ժամանել են հատուկ ջոկատայինները, եւ կարգազանցները փախել են: Իրավապահները կարողացել են ձերբակալել ընդամենը 15 մարդու: