Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ պաշտոնապես հաստատել են դաշտային նախկին հրամանատարներից մեկի` ընդդիմադիր Թոլիբեկ Այենբեկովի եւ նրա կողմնակիցների ձերբակալության լուրը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են հուլիսին տեղի ունեցած գեներալ Աբդուլո Նազարովի սպանության մեջ:

Հայտնի է, որ Այենբեկովը վիրավոր է: Նա գտնվում է շրջանային հիվանդանոցում` հսկողության տակ եւ այսօր նրան կվիրահատեն: Որոշ տեղեկություններով, նա իշխանություններին ինքնակամ է հանձնվել, հայտնում է «Գազետա.ru»-ն:

Ավելի վաղը NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին այնտեղ սկսվել է զանգվածային հատուկ գործողություն, որի նպատակն է եղել Նազարովի սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը: Պաշտոնական տվյալներով` գործողության արդյունքում սպանվել է 17 մարդ, այդ թվում մեկ խաղաղ բնակիչ: