ՄԱԿ-ը օգնության պատրաստակամություն է հայտնել Իրանին` ուժեղ երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար:

«ՄԱԿ-ը պատրաստ է  օգնություն ցուցաբերել աղետից տուժածներին, ինչպես նաեւ  կենտրոնացնել աղետի հետեւանքների հաղթահարմանն ուղղված միջազգային օգնությունը»,-ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հայտարարության  մեջ, փոխանցում է «Ռոսբալտը»:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորապես վշտում է Իսլամական հանրապետությունում հարյուրավոր զոհերի, վիրավորների եւ ավերվածությունների համար»: «Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում իշխանությանն ու ժողովրդին, առաջին հերթին նրանց ընտանիքներին, ովքեր զոհեր են ունեցել կամ տուժել են աղետի արդյունքում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Իրանը ճշգրտել է երկրի հյուսիս-արեւմուտքում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկու երկրաշաժերի  զոհերի թիվը:  Ինչպես այսօր խորհրդարանում հայտնել է Իրանի Առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստջերդին, ստորգետնիա ցնցումներին զոհ են դարձել 306 մարդ, 3 հազար մարդ վիրավորվել են:

Իրանում օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

Իրանում օգոստոսի 13-ն ու 14-ը սգո օրեր են հայտարարվել: