Մոսկվայում` Կրեմլի պատերի տակ կալանվել է հոգեկան խանգարումներով մի տղամարդ, ով հանդես է եկել որպես գաղտնի գործակալ եւ հանդիպում է պահանջել նախագահի հետ: Նախագահի հետ նա հանդիպման էր գնում կիրակի օրը` օգոստոսի 12-ին:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, ոստիկանության աշխատակիցը կասկածելի  տղամարդուն նկատել է Սպասյան աշտարակի մոտ: Նա փորձել է ներխուժել հսկվող տարածք:

Իրավապահի այն հարցին, թե ինչ նպատակով է տղամարդը ցանկանում Կրեմլ մտնել, նա բացատրել է, որ գաղտնի գործակալ է եւ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:

Ոստիկանները «գործակալին» տեղափոխել են բաժանմունք, որից հետո փոխանցել են բժիշկներին, ովքեր էլ ուղարկել են նրան հոգեբուժարան: