Սիրական ապստամբները կարող են Թուրքիայի դեմ ուղղել իր իսկ նվիրած զենքը: Օգոստոսի 13-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի  տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի հետ Թուրքիայի վարած խաղերը:

«Փորձելով սիրաշահել  իրաքյան քրդերին` Թուրքիան կարող է իր երկրում ակտիվացնել քրդական հարցը: Մյուս կողմից Թուրքիայի տարածքում են գտնվում մի քանի տասնյակ սիրիացի փախստականներ, ովքեր արդեն բախումներ են ունենում թուրքական ոստիկանության հետ: Հետեւաբար  ֆինանսավորելով սիրիական ապստամբներին,  հնարավոր է, որ ի վերջո այդ զենքը Սիրիայից ներթափանցի Թուրքիայի տարածք եւ օգտագործվի իր դեմ» ,-նշել է Ռ. Սաֆրաստյանը: Դժվարին կացություն է ստեղծվել նաեւ Սիրիայի սահմանային շրջաններում, որտեղ Թուրքիան, աջակցելով ապստամբներին, արդյունքում կարող է իր սահմանի մոտ ականատես լինել  պետության, կամ պետականությանը մոտ միավորման ստեղծմանը:

Բացի այդ Ասադի ռեժիմը դեռեւս չի դիմել զինված պայքարի ծայրահեղ միջոցներին: «Այդ միջոցներից է օրինակ  քիմիական զենքը, որին տիրապետում է Ասադը: Եթե իշխանությունները որոշեն դիմել այդ միջոցին, ապա դրանից կտուժի  ոչ միայն Սիրիան, այլ նաեւ հարեւան երկրները, այդ թվում Թուրքիան»,-նշել է Ռ. Սաֆրաստյանը:

Ապստամբներին ցուցաբերած աջակցությունը անդրադարձել է նաեւ վերջին ժամանակներս վատթարացող  իրանա-թուրքական հարաբերությունների վրա: Այս առումով առավել ցայտուն է հնչել Թուրքիայում  իրանական գաղտնի պատվիրակի քննադատությունները, այն դեպքում, երբ Իրանական դիվանագիտության մեջ ընդունված չէ դժգոհությունն  ուղիղ արտահայտելու գործելաոճը:

«Սիրիայում տիրող իրավիճակը օգտագործվում է որպես Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց: Բայց վերջին ժամանակներս Իրանի  կողմից կատարած հայտարարությունները խոսում են այն մասին, որ Իրանին շատ լավ հայտնի են պատասխան լծակները, օրինակ նա կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը Իսրայելի շուրջ», ավելացրել է Ռ. Սաֆրաստյանը: