Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունն օգնություն է առաջարկել Իրանի կառավարությանը` երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, այդ թվում` որոնողա-փրկարարական աշխատանքների անցկացման հետ կապված: «Իրանում Հայաստանի դեսպանատան, Կարմիր Մահիկի միջոցով ԱԻՆ-ը դիմել է Իրանի կառավարությանը` օգնության առաջարկով: Իրանական կողմը երախտագիտություն է հայտնել, սակայն նշել է, որ տվյալ պահին օգնության կարիք չունի»,- նկատել է Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհվել էր 306 մարդ, մոտ 3 հազարը վիրավորվել էին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:




























