Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն,
Խորը ցավով տեղեկացա Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների եւ ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ:
Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին:
Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք եւ պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետեւանքների հաղթահարման համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհվել էր 306 մարդ, մոտ 3 հազարը վիրավորվել էին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:


























