Հայաստանում հացի թանկացումը՝ դոլարի կուրսի տատանումով է պայմանավորված։ Այս մասին NEWS.am-ի թղթկացի հետ զրույցում ասաց «Երեւանի հացի գործարան N4» ընկերության տնօրեն Վալերի Ստեփանյանը։ «Ալրաղացները մեզ հետ աշխատում են միայն դոլարի կուրսով։ Գործարքը ձեւականորեն ձեւակերպվում է դրամով, բայց փաստացի՝ մենք գնում ենք ալյուրը դոլարի կուրսին համարժեք դրամով։ Այս պատճառով, քանի որ դոլարի կուրսը բարձրացել է, մեզ ալյուրը փաստացի ավելի թանկ են վաճառում»,- ասաց Ստեփանյանը։
Նշենք, որ, եթե 50 կգ զանգվածով մեկ պարկ ալյուրն արժեր հունիսին 10.2-10.3 հազար դրամ, ապա օգոստոսի սկզբին այն արժեր 11.8-11.9 հազար դրամ։ Վերջերս մեկ պարկ ալյուրը եւս 30 սենթով թանկացել է։
Ինչ վերաբերում է հացի զանգվածի ստանդարտին, ապա Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում հացի զանգվածը փոփոխելու չափանիշ գոյություն չունի։ Կան միայն հացի պատրաստման տեխնիկական պահանջներ։ Հետեւաբար, արտադրողը հացի քաշը կարող է փոփոխել սեփական հայեցողությամբ։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ հարցազրույցում ալրաղաց ընկերություններից մեկի ներկայացուցիչը հայտարարել էր, թե հայաստանյան ալյուր արտադրող ընկերությունները մինչեւ սեպտեմբեր չեն թանկացնելու ալյուրի գինը։ Մեկնաբանություններում, ալյուր արտադրողները հացի չթանկանալը պայմանավորել էին, այն հանգամանքով, որ հաց արտադրողները հացի քաշը նվազեցրել են։



























