Շարմ էլ Շեյխ –Երեւան չվերթը կայանալու է նախատեսվածի համաձայն` օգոստոսի 15-ին, առանց որեւէ հետաձգումների եւ «Happy Voyage» տուրիստական գործակալության միջոցով Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 125 զբոսաշրջիկները առանց խոչընդոտի կվերադառնան Հայաստան ճիշտ ժամանակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավատացրեց «Happy Voyage» ընկերության տնօրեն Մհեր Մանուկյանը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Շարմ էլ Շեյխ –Երեւան չվերթի հետդարձի գումարը վճարել ենք: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ թռիչքը կայանալու է, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր` 125 ուղեւորներն էլ հետ են վերադառնալու , ես պաշտոնապես հայտարում եմ, որ 100 հոգուց ավելի տուրիստներ էլի մեկնելու են: Դժվար չի 2 օր համբերեք, 2 օր հետո ինչ ուզում եք գրեք: Օգոստոսի 16-ի առավոտյան հենց կտեսնենք` չվերթը չի իրականացել, ինչ ուզում եք գրեք, արեք»- ասաց նա:
Մանուկյանը վստահեցրեց, որ չվերթը չկայանալու վերաբերյալ բոլոր լուրերը ապատեղեկատվություն է եւ չբացառեց, որ այդ ամենը կատարում են մրցակից տուրիստական գործակալությունների կողմից:
Մհեր Մանուկյանի խոսքով, շուկայում միայն իրենց տուրիստական գործակալությունն է հանդիսանում Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ ուղիղ չվերթներ իրականացնող ընկերություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտական «Spot Air» ավիաընկերությունը, որը օգոստոսի 7-ին հրաժարվել էր իրականացնել հայկական տուրօպերատոր «Happy Voyage»-ի պատվիրած Երեւան- Շարմ էլ Շեյխ չվերթը, հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է չվերթի չեղյալ համարման պատճառները: Ավելին, վերջինս նախազգուշացնում է, որ օգոստոսի 15 –ին նախատեսված հետադարձ չվերթը` Շարմ էլ Շեյխ-Երեւան, կարող է չկայանալ, այնպես որ հայաստանցի զբոսաշրջիկները հիմա արդեն տուն չվերադառնալու ռիսկի առջեւ են:
Համաձայն «Spot Air» եւ «Happy Voyage» ընկերությունների միջեւ կնքված օդանավի վարձակալության պայամանագրի` չորս փոխադրում իրականացնելու վերաբերյալ, առաջիկա չվերթի համար վճարումը պետք է կատարվի թռիչքից առաջ 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ: «Մեր կողմից տուրօպերատորին բազմիցս հիշեցվել է վճարումը կատարելու մասին, ինչպես նաեւ թռիչքից մեկ շաբաթ առաջ մենք «Happy Voyage»-ին տեղեկացրել ենք չվճարման դեպքում չվերթի չեղյալ հայտարարման մասին: Ոչ մի բացատրություն մենք չենք ստացել, եւ վճարումը ժամանակին չի կատարվել: Արդյունքում օգոստոսի 3 –ին մենք «Happy Voyage»-ին եւ Հայաստանի քաղավիացիայի վարչությանը տեղեկացրեցինք չվերթի հետաձգման մասին: Մեր պաշտոնական հայտարարությունը անտեսվեց: Վճարումը կատարվեց միայն ծրագրված թռիչքից մի քանի ժամ առաջ, որը մեր կողմից արդեն չեղյալ էր համարվել մի քանի օր առաջ»,-ասվում էր պարզաբանման մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «մեր կողմից որոշում ընդունվեց կատարել մեր պայմանագրային պարըտավորությունները ու պաշտպանել ուղեւորների իրավունքները, եւ առաջին հնարավորություն դեպքում` օգոստոսի 8 –ին չվերթն իրականացվեց»: Սակայն պարզում է, որ սրանով թյուրիմացությունը չի ավարտվում. քանի որ «Happy Voyage» ընկերությունը չի վճարել Եգիպտոսից Հայաստան հետադարձ չվերթի համար, որը պետք է կայանա օգոստոսի 15-ին: Օգոստոսի 11 –ի առավոտյան « Spot Air»-ը հերթական անգամ «Happy Voyage» -ին տեղեկացրել է չվերթի չեղյալ հայտարարման մասին: «Տուրօպերատորը տեղեկացվել է չվերթի չեղյալ հայտարարման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա ավիաընկերություն գտնել, որը կստանձնի ուղեւորներին վերադարձնելու պարտավորությունը»,-ասվում էր հայտարարության մեջ:
«Happy Voyage» ընկերությունից էլ NEWS.am-ին վստահեցրել էին, որ չվերթը հետաձգվում է զուտ տեխնիկական, ոչ թե ֆինանսական պատճառներով: Շարմ էլ Շեյխում են գտնվում 128 հայ զբոսաշրջիկներ, որոնք մեկնել են օգոստոսի 8 –ի չվերթով:




























