Ռուսաստանի իշխանությունները Կրիմսկի մերձակայքում գտնվող Արմյանսկոե ավանում ավելի էան 20 տուն գրանցել են, որպես վթարային։ Այս մասին РИА Новости-ն հայտնել է Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Վասիլեւը։ Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Կրիմսկի ջրհեղեղից հետո Արմյանսկոե ավանում էլ ավելի քան 500 տներ վթարային են դարձել։

«Արմյանսկ ավանում մենք վթարային ենք ճանաչել 20 տուն։ Եթե բնակիչները համաձայն չեն փորձագետների գնահատականին, թող դիմեն դատարան»,- ասել է Վասիլեւը։

Պրիգորոդնոե գյուղական բնակավայրի ղեկավարի տեղակալ Վասիլի Լազարեւի խոսքով՝ բնակավայրի 3 ավաններում՝ Նովոուկրաինսկոյեում, Արմյանսկոյեում եւ Շեպտալսկոյեում հուլիսի 7-ին ջրհեղեղից տուժել է 381 տուն։ Նա տեղեկացրել է, որ կապիտալ նորոգման կարիք ունի 216 տուն, իսկ 39-ը պետք է քանդվի։ «Ավանում 500 հեղեղված եւ քանդման ենթակա տների մասին տեղեկությունը իրականության չի համապատասխանում»,- ասել է Վասիլեւը՝ ավելացնելով, որ Արմյանսկը շատ չի տուժել հեղեղից։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կրասնոդարի երկրամասում հզոր ջրհեղեղից տուժել են Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքները եւ երձակա ավանները։ Ջուրը վնասել է ավելի քան 7.200 տներ։ Վնասը կազմել է 20 մլրդ ռուբլի։