Իրանում օրենքից դուրս են հայտարարվել 60 արեւմտյան կազմակերպություններ եւ յուրաքանչյուր համագործակցություն այդ կազմակերպությունների հետ արգելվում է: Այս մասին իրանական Ֆարս գործակալությանը հայտնել են Իրանի տեղեկատվության նխարարությունում: Աղբյուրի փոխանցմամբ, բացահայտվել է այդ կազմակերպությունների առնչությունը Իրանում վերջին շրջանում տեղի ունեցող «հակակառավարական» գործողություններին:
Իրանի Իսլամական հանրապետության թշնամի կազմակերպությունների ցանկում են ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի տարբեր կազմակերպություններ ու ինստիտուտներ, Սորոսի, Կառնեգիի, «Նոր Ամերիկա», «Ժողովրդավարությունն Իրանում» եւ այլ հիմնադրամներ:
«Իրանցիների ցանկացած շփում եւ կապ այդ կառույցների հետ, ինչպես նաեւ նրանց կողմից գումարի ստացում` ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով, արգելվում է»,- ասել է աղբյուրը: Բացի այդ, Իրանի իշխանությունները կարծում են, որ արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ, արբանյակային ալիքներ ու ինտերնետային կայքեր բացահայտ կերպով աջակցում են Իրանի ընդդիմությանը եւ երկրում անկարգություններ ու հուզումներ են հրահրում: Դրանց շարքում են «Ամերիկայի ձայնը» BBC-ն, «Զամանե», «Ֆարդա» ռադիոկայանները, Իսրայելի ռադիոն, «Ռանգառանգ» արբանյակային հեռուստաալիքը, Իրանի «հակահեղփոխական» եւ միապետական կազմակերպությունների ինտերնետ կայքերը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ակցաիներ սկսեցին: Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել գործող նախագահի հաղթանակը եւ պարբերաբար բողոքի գործողություններ է կազմակերպում, պահանջելով վերանայել ընտրությունների արդյունքները: Այդպիսի վերջին ակցիան տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, որի ընթացքում Թեհրանում, պաշտոնական տվյալներով սպանվել է 7 մարդ, իսկ ընդդիմության մոտ 500 կողմնակիցներ ձերբակալվել են:




























