Սիրիայի հյուսիսում գտնվող Կոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են քրդերը, ստեղծվել է Կոբանիի ժողովրդական խորհրդարանան, որտեղ ընդգրկված 33 անդամները ղեկավարում են 350 հազար բնակչություն ունեցող քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Timeturk-ը, Կոբանին պատկանում է այն քաղաքների թվին, որոնք կառավարական զորքերը հանձնեցին տեղացիների վերահսկողությանը: Այդ քաղաքում բախումներ չեն եղել եւ կյանքն ընթանում է բնականոն հունով:
Կոբանի քաղաքի մուտքերի մոտ եւ քաղաքի ներսում անվտանգության ապահովման համար ստեղծվել են պահակակետեր, որտեղ հերթապահություն են անում զինված երիտասարդներ: Քաղաքի պատերին կախված են դրոշներ, որոնց վրա պատկերված են սիրիական բոլոր քրդական կուսակցությունների միավորման՝ TEV-DEM-ի գույները: Ստեղծվել է քաղաքը կառավարող խորհուրդ, որի 33 հոգանոց կազմում բացի քրդերից կան նաեւ հայեր եւ արաբներ:
Նշենք, որ Սիրիայում քրդական ինքնավար կազմավորումների հավանականությունը խիստ անհանգստացրել է Թուրքիային:



























