Ադիգեյի մայրաքաղաք Մայկոպում մեծ ոգեւորությամբ սկսվել է  հայկական մշակութային կենտրոնի շինարարության աշխատանքները: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի  «Երկրամաս» թերթը, մշակութային կենտրոնը կկառուցվի հայկական Սբ. Հարություն  եկեղեցու տարածքում, որն էլ համայնքի  հետ միասին դարձել է շինարարության նախաձեռնողը:

Եկեղեցու այցելուները մեծ ոգեւորությամբ են ընդունել մշակութային կենտրոն կառուցելու առաջարկը, քանի որ սպասում էին դրան երկար տարիներ: Շինարարության կազմակերպման գործընթացին իր մեծ ներդրում է ունեցել Մայկոպ քաղաքի Հայկական եկեղեցու Խաչքավորը: Հավաքված գումարը դեռեւս բավարարել է ապագա կենտրոնի հիմքի կառուցման համար, բայց եկեղեցու քահանա Տեր Մուշեղ Խաչատրյանի խոսքով, գումարի հավաքագրման աշխատանքները դեռ շարունակվում են եւ հույս հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ կկառուցվեն պատերը, իսկ 2013 թ-ի սեպտեմբերին կենտրոնը կբացի իր դռները:

Օգոստոսի վերջին տեղի կունենա բարեգործական համերգ, որը նոր դրական շարժ կհաղորդի շինարարությանը: Եկեղեցու վանահայրը համայնքի անդամներին հրավիրում է մասնակցել համերգին եւ շնորհակալ է բոլորին իրենց ներդրման համար:

Ադիգեյի հայկական համայնքի այս աննախադեպ ծրագիրը առաջին հերթին ուղղված է հատկապես կրտսեր սերնդին: Մշակութային կենտրոնում կգործի հայկական դպրոց, պարային խումբ, եկեղեցական երգչախումբ, պատկերագրական արվեստների, ժողովրդական գործիքների դասարաններ եւ այլ առարկաներ, որնք կցանկանան համայնքի ներկայացուցիչները: