Իրանը, փոխելով իր կարծիքը, հայտնել է, որ այժմ ողջունում է օտարերկյա օգնությունը` շաբաթ օրը երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուծածներին օգնելու համար: Այս մասին հայտնել է «Bloomberg Businessweek»-ը` վկայակոչելով Associated Press-ին:
Համաձայն IRNA պետական տեղեկատվական գործակալությանը`Իրանի փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին հայտնել է, որ Իրանը պատրստ է ընդունել արտասահմանյան օգնությունը:Նրա նկատառումները խոսում են այն մասին, որ իշխանությունները փորձում են հաղթահարել երկրաշարժի հետեւանքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհվել էր 306 մարդ, մոտ 3 հազարը վիրավորվել էին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:




























