Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել Ախալցխայի բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի վերաբացման արարողությանը մասնակցելու իր որոշումից: Այդ մասին նշվում է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունում. «Սույն  թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաեւ  Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարեւանությամբ գտնվող վայրում:

Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգեւոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:

Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից եւ իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից եւ փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները»: