«Փափուկ դեսանտների» հետ կապված պատմությունից հետո Բելառուսի եւ Շվեդիայի միջեւ ծագած   սկանդալը նոր հարթության վրա է անցնում. Մինսկում Շվեդիայի դեսպանատունը հայտարարել է, որ «Ողջ Բելառուսի տարածքի շվեդների հասցեին սպառնալիքներ է ստացել»: Դիվանագիտական առաքելությունը դիմել է Բելառուսի իր քաղաքացիներին` կոչ անելով «խուսափել տեսողական ճանաչելիությունից` հագուստի վրա շվեդական տարրերից եւ նման այլ միջոցներից»:

Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ «Բելառուսը, ինչպես միշտ, անվտանգ վայր է, սակայն կապված վերջին իրադարձությունների հետ, այդ թվում Շվեդիայի դեսպանի վտարումը Բելառուսից, հիմքեր կան, որպեսզի այս երկիր ժամանող, կամ ճանապարհորդող   շվեդները առավել զգոն եւ ուշադիր լինեն», հայտնում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ Մինսկը վտարել է շվեդ դեսպան Ստեֆան Էրիքսոնին եւ դեսպանատան 3 աշխատակիցներին` նրանց մեղադրելով քայքայիչ գործունեության եւ ընդդիմությանը աջակցելու մեջ: Որպես պատասխան` շվեդները Ստոկհոլմից  արտաքսել են երկու բելառուս դիվանագետների, բայց չեն դադարեցրել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ` վերջինս հրաժարվել է Ստոկհոլմ նոր դեսպան ուղարկել:

Իսկ ամեն ինչ սկսվել է «Փափուկ դեսանտներ»-ից, երբ շվեդական թեթեւաշարժ ինքնաթիռը հուլիսի 4-ին Լիտվայի տարածքից ազատ մուտք է գործել Բելառուսի օդային տարածք եւ տեղաբնիկների գլխին է նետել  876 փափուկ արջուկներ` նրանց վրա ամրացված մամուլի ազատության վերաբերյալ գրություններով: