Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կամերդիներ (սենեկապետ) Պաոլո Գաբրիելեն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Սուրբ աթոռի ներքին փաստաթղթերը լրագրողներին տրամադրելու մեջ։ Նա նաեւ հայտարարել է, որ ցանկացել է փրկել եկեղեցին «չարիքի եւ կոռուպցիայի ճիրաններից», եւ իրեն համարել է «Սուրբ Հոգու գաղտնի գործակալ»։ 

Բանն այն է, որ Գաբրիելեն լրագրող Ջանլուիջի Նուցիին է տրամադրել որոշ փաստաթղթեր, որոնց հիման վրա լրագրողը հրատարակել է «Նորին սրբություն. Բենեդիկտոս XVI-ի գաղտնի նամակները» գիրքը, որում նշված է Վատիկանի եւ իտալական ընկերությունների գործարքների մասին։

Գաբրիելեն խոստովանել է, որ Վատիկանում իրեն օգնել են մոտ 20 այլ անձինք։ Վատիկանի ոստիկանությունը զննել է Գաբրիելեի սենյակը, որտեղ հայտնաբերվել է Գվադելուպեի համալսարանի Հռոմի պապի անունով դուրս գրված 100 հազար եվրոյի բանկային կտրոն, ոսկյա թանկարժեք իրեր, եւ 16-րդ դարի հրատարակության Վերգիլիոսի «Էնեականը»։ Վերջինի կապակցությամբ Գաբրիելեն ասել է, որ գիրքը վերցրել է, որպեսզի որդուն ցույց տա, սակայն մյուս իրերի մասով չի կարողացել բացատրություն տալ։ «Лента.Ру»-ի փոխանցմամբ՝ սենեկապետին սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։

Վատիկանի հարցերով փորձագետները կասկածում են, որ իրականում այս պատմությունը ներպալատական խարդավանքների արդյունք եւ Սուրբ Պետրոսի աթոռի համար պայքարի հարց է։ Կասկածի տակ է հատկապես Պապի քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, որին ունեցած ազդեցության համար երբեմն կոչում են «փոխպապ»։