Օդեսայի դատարանը որոշում է կայացրել Ռուսաստան արտաքսել Ադամ Օսմաեւին, ով մեղադրվում է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

«Հանձնման ժամկետը կախված է կողմերի` Ուկրաինայի եւ Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունների միջեւ համաձայնությունից»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Յուրի Բոյչենկոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օրերս Վլադիմիր Պուտինի եւ Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրյալ Ադամ Օսմաեւը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից, քանի որ այն տվել էր հատուկ ծառայությունների ճնշման ներքո:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ենթադրվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալվե են փետրվարի սկզբին` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:  Պայմանավորվածությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը խոստովանել են, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստվում էին սպանել Պուտինին:

Այնուհետեւ հետաքննությունը պարզել է, որ դավադիրները ծրագրավորել էին սպանել նաեւ Ռամզան Կադիրովին, երբ վերջինս պիտի մասնակցեր  Օդեսայում կայանալիք  բրազիլացի Մայք Միրանդայի եւ չեչնիացի բռնցքամարտիկ Զաուրբեկ Բայսանգուրովի բռնցքամարտին: