Այսօր` օգոստոսի 14-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արեւմուտքում, Թավրիզ քաղաքի մերձակայքում: Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհվել էր 306 մարդ, մոտ 3 հազարը վիրավորվել էին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:




























