Նիդերլանդներում աշխատում են դեպի Մարս ուղեւորներով տիեզերանավ ուղարկելու նախագծի վրա։ Այս մասին տեղեկացնում է ТСН-ը։ Նշենք, որ նախագիծը տարօրինակ առաջարկ է պարունակում։ Թռիչքը հետադարձ չէ, այսինքն՝ Մարս թռչելու ցանկություն ունեցողները մնալու են կարմիր մոլորակում։
Mars One նախագծի հեղինակները դա բացատրում են այն հանգամանքով, որ ժամանակակից տեխնոլոգիաները այնքան զարգացած չեն, որ հնարավոր լինի տիեզերանավը, նույնիսկ փոքրիկ հետախուզական զոնդերը վերադարձնել Երկիր։
Mars One-ի ղեկավարներից Բաս Լանսդրոպը նշել է, որ Երկիր մոլորակից դեպի Մարս տիեզերագնացների թռիչք նախատեսված է իրականացնել 2023թ.-ին։ 2016-ին եւ 2022-ին նախատեսված է Մարս ուղարկել մոլորակային կայան եւ ուտելիքի, թթվածնի եւ ջրի անհրաժեշտ պաշարներ։
Ըստ ծրագրի՝ Մարսում առաջին մարդիկ պետք է գիտական հետազոտություններ կատարեն՝ կյանք գտնելու ուղղությամբ։
Дни.ру-ն Space Travel-ին հղումով տեղեկացնում է, որ նիդերլանդական նախագիծը նախատեսում են ֆինանսավորել ռեալիթի շոուի միջոցով, որը կցուցադրվի հեռուստատեսությամբ։
Առաջին մարսագնացների կենցաղն ու կյանքին հետեւելու համար, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ ցանկացուղներ կլինեն, սակայն նրանց մահը ցուցադրելն ամենայն հավանականությամբ հակաօրինական կլինի։




























