Սեպտեմբերի 9-ին նախատեսվող Գյումրիի ավագանու ընտրություններում թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է առաջադրվել՝ 21 տեղի համար 72 թեկնածու, այսինքն՝ 1 տեղի համար 3 թեկնածու կպայքարի։
Առաջադրված թեկնածուներից 33-ը անկուսակցական են եւ հիմնականում՝ գործազուրկներ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, քաղաքական ուժերից առաջատարը ՀՀԿ-ն է՝ 17 թեկնածու։ ԲՀԿ-ն 13 թեկնածու ունի, 3-ական թեկնածուներ ունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը։
Ցուցակում առաջին անգամ որպես ԲՀԿ-ականներ գրանցվել են «Գյումրի-Գարեջուր» գործարանի չորս աշխատակիցներ։ Սա, թերեւս, պայմանավորված է քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու, «Գյումրի-Գարեջուր» գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանի առաջադրմամբ։
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածություն չի առաջադրել, այդուհանդերձ ներկայացել է սեփական թիմով՝ քաղաքապետարանի ներկայիս աշխատակիցներից մի քանիսը ավագանու թեկնածություն են առաջադրել։
Առաջադրվել են նաեւ գործող ավագանու 6 անդամներ։
Այս ընտրություններում «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը 7 ավագանու թեկնածու է առաջադրել։ Վերջիններս այսօր` օգոստոսի 14-ին ընտրությունների վերահսկման շտաբ են ձեւավորել։




























