Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է 253 իրավախախտում, հարուցվել է 40 քրեական գործ եւ 151 հայց` 2 մլրդ 472 մլն 694 հազար դրամի բռնագանձման պահանջով: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի` օրերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթում:

Նրա խոսքով, քննվել եւ բավարարվել է 77 հայց` 1 մլրդ 79 մլն 860 հազար դրամ հայցագնով, մերժվել է 15 հայց, կարճվել` 10 գործի վարույթ, մյուսների դատաքննությունը դեռեւս չի ավարտվել: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամովին պետբյուջե է վերականգնվել 241 մլն 178 հազար դրամ: Բացի այդ, բերված հայցերով դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 29 մլն 394 հազար դրամ:

Հայցերի հարուցման բնագավառում դրական ցուցանիշներ են ապահովել Լոռու (հարուցվել է 104,5 մլն դրամ հայցապահանջով 20 հայց), Գեղարքունիքի (հարուցվել է 16,1 մլն դրամ հայցապահանջով 24 հայց) մարզերի, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն (հարուցվել է 14,1 մլն դրամ հայցապահանջով 4 հայց), Աջափնյակ եւ Դավթաշեն (հարուցվել է 10,5 մլն դրամ հայցապահանջով 3 հայց) ու Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների (հարուցվել է 50,7 մլն դրամ հայցապահանջով 6 հայց) դատախազությունները: Հայցեր չեն հարուցել Արագածոտնի, Արարատի մարզերի, Էրեբունի եւ Նուբարաշեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունները:

Պետք է նկատել, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական մարմինների արձանագրած դրական ցուցանիշների զգալի մասը, նախկինի պես, բաժին է ընկնում պետական շահերի պաշտպանության վարչությանը:

Օրինակ` 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության մարմինների հարուցած հայցերի թվաքանակի 42 %-ը, իսկ հայցագնի 91 %-ը, հարուցված քրեական գործերի 30%-ը, հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնված գումարների 56%-ը բաժին է ընկնում պետական շահերի պաշտպանության վարչությանը:

Պետական շահերի պաշտպանության վարչության կատարած աշխատանքներում շարունակել է գերակշռել նյութերի նախապատրաստման եւ քրեական գործերի ու հայցերի հարուցման բնագավառի աշխատանքները եւ, ընդհակառակը, օբյեկտիվորեն նվազել է վճռաբեկ բողոքների ու դրանց բավարարումների թվաքանակը: