Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել: Ընդ որում` նրանց մի մասը ընտրապայքարից հրաժարվել է մինչեւ թեկնածու գրանցվելը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ինքնաբացարկ հայտնածների թվում են նաեւ Արարատի մարզի Մասիս եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքների ղեկավարի երկուական թեկնածուներ:
Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին եւ Հովակիմ Երիցյանը:
Այսպիսով` Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են գրանցված ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը եւ Հմայակ Աբրահամյանը, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Մասիսում առաջադրված 8 թեկնածուներից երկուսը` ինքնաառաջադրված անկուսակցականներ Ռազմիկ Մնացականյանը եւ Խորեն Արոյանը, մինչեւ գրանցումն ինքնաբացարկ են հայտնել: Մասիսում քաղաքապետի պաշտոնին հավակնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3 անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը եւ Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ` Տիգրան Ղամբարյանը եւ Նորայր Նահապետյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ը, ժամը 18-ն է: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմումները կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչեւ օգոստոսի 30-ը:




























