Վրաստանի իշխող թիմը վարչապետ Վանո Մերաբիշվիլիի թեկնածությունը  կառաջադրի Վրաստանի նախագահի պաշտոնի համար: Այս մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Իլղար Վալիզադեն` «Ախալի թաոբա» թերթում լույս տեսած հարցազրույցի ժամանակ:

Նրա կարծիքով, դա տեղի կունենա հաջորդ տարի, իսկ խորհրադարանական հաղթանակը Մերաբիշվիլիի համար միջանկյալ բնույթ ունի նախագահական ընտրությունների հաղթանակի ճանապարհին:

«Հուլիսի սկզբին նախագահ Սահակաշվիլին վարչապետի պաշտոնում նշանակել է Վանո Մերաբիշվիլիին, ինչը բավականաչափ ուժեղ քայլ է համարվում: Մերաբիշվիլին, ով համարվում է Սահակաշվիլու թիմի ամենահավատարիմ եւ ստուգված անդամը, ունի   կազմակերպչական բացառիկ հմտություններ: Եվ հենց նրան է հանձնարարված հսկել նախընտրական կամպանիաների քայլերը` ապահովելով հնարավոր ռիսկերի չեզոքացումը»,-կարծում է Վալիզադեն, փոխանցում է Կուրսորը:

Քաղաքագետի կարծիքով Վրաստանի իշխանությունների հաշվարկով ընդդիմադիր 5 քաղաքական կուսակցությունները` «Նոր աջեր», «Մերաբ Կոստավի հասարակություն», «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը», «Կախա Կուկավա` Ազատ Վրաստան», «Պահպանողական կուսակցություն», որոնք արդեն երկրի ԿԸՀ  են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտը, կարող են հավաքել ընդդիմադիր ընտրազանգվածի  10-12 տոկոս ձայն, ինչը նրանց կդարձնի ներկայումս Սահակաշվիլիի գլխավոր հակառակորդ` Բիձինա Իվանիշվիլիի հակառակորդը: