ԱՄՆ նախկին նախագահ Հարի Թրումենի թոռը Հիրոսիմայում Սադակո Սասակիի եղբոր` Մասահիրո Սասակիի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել ճապոնացիներից: Հիրոսիմային եւ Նագասակիին հարվածելու հրամանը տված ԱՄՆ նախկին նախագահ Թրումենի ավագ թոռը` Դանիել Թրումենն առաջին անգամ է եղել Ճապոնիայում` «Sadako Legacy» բարեգործական կազմակերպության հրավերով, որը ղեկավարում է ատոմային աղետի ականատես, 71-ամյա Մասահիրո Սասակին:
Պատմական հանդիպմանը, որը կայացել է օգոստոսի 5-ին Հիրոսիմայում, ներկա է գտնվել նաեւ հայկական պատվիրակությունը: Պատվիրակությունը, «Խիկարի» գիտակրթական մշակութային հայ-ճապոնական կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի ղեկավարությամբ, ճապոնական կողմի հրավերով էր այնտեղ` մասնակցելու Հիրոսիմայի ռմբակոծման տարելիցին: Այցը կայացել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:
«Մեզ հետ հանդիպմանը Սասակի սանը ուրախություն հայտնեց, որ հեռավոր Հայաստանում զբաղվում են Ճապոնիայի քարոզչությամբ, հետաքրքվում են ճապոնական մշակույթով եւ արվեստով»,-նշեց Կ. Փիլիպոսյանը` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները:
«Մեզ, ինչպես նաեւ իրանական նկարահանող խմբին թույլ են տվել ներկա գտնվել Սասակիի եւ Թրումենի թոռան հանդիպմանը: Երկժամյա զրույցից հետո Թրումենը ներողություն խնդրեց ծերունուց: Սա իսկապես պատմական պահ էր: Եվ ես հավատում եմ, որ երբեւէ մեկ այլ կին վկան կլինի, թե ինչպես է Թալաաթ փաշայի հետնորդը հայերից ներողություն խնդրում»,-նշեց Փիլիպոսյանը:




























