Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաեւ ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը եւ վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակությամբ: Տիգրան Սարգսյանը եւ դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:




























