Իրանի երկրաշարժին հետեւել է շուրջ 80 հետցնցում, որոնցից 30-ը զգացվել են նաեւ Հայաստանում: Այդ մասին այսօր` օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։

Նա ներկայացրել է հարեւան երկրներում (Թուրքիա, Ադրբեջան, Իրան) վերջին շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը: Թովմասյանի խոսքով, օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 300-ը, կա 3000 վիրավոր, վնասվել է 80 բնակավայր, որոնցից մոտ քսանն ամբողջովին ավերված է:

«Իրանի երկրաշարժին հետեւել է շուրջ 80 հետցնցում, որոնցից 30-ը զգացվել են նաեւ Հայաստանում: Երեք ցնցում 5 եւ ավելի բալ ուժգնություն են ունեցել, վերջինը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Այս պահի դրությամբ մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գործ ունենք մարման պրոցեսի հետ, այսինքն` ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ»,- ասել է Աշխեն Թովմասյանը` հավելելով, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, եւ մենք մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան:

ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալը նաեւ կոչ է արեց չլսել խուճապարարներին, որոնք ստահոդ լուրեր են տարածում որոշակի օր եւ ժամի սպասվելիք երկրաշարժերի վերաբերյալ: