Ռուսաստանի նախագահի նկատմամբ իրականացված մահափորձի երկրորդ կասկածյալը` Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը կտեղափոխվի Ռուսաստան: Նման որոշում է կայացրել Օդեսայի շրջանային դատախազությունը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստան կտեղափոխվի Չեչնիայի քաղաքացի Ադամ Օսմաեւը:

Հիշեցնենք, որ փետրվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ծրագրավորած մահափորձը: Կասկածյալները կալանավորվել են Ուկրաինայում փետրավրի սկզբին իրականացված հատուկ գործողությունների շնորհիվ: Դավադրությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը հայտնել են, որ ծրագրել էին սպանել Պուտինին նախագահական ընտրություններից հետո:

Այնուհետեւ հետաքննությունը բացահայտել է, որ դավադիրները ծրագրավորել էին սպանել նաեւ Ռամզան Կադիրովին, երբ վերջինս պետք է մասնակցեր Օդեսայում կայանալիք բրազիլացի Մայք Միրանդայի եւ չեչեն բռնցքամարտիկ Զաուրբեկ Բայսանգուրովի  բռնցքամարտին: