Հելսինկիում տեղի է ունեցել թոփլես-ակցիա` Pussy Riot-ի մասնակիցների աջակցության համար. Երեք կին, ում ինքնությունները չեն նշվում, մերկացել են Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատան մոտ եւ պահանջել են ազատ արձակել դատապարտյալներին:
Դիմակավորված, բայց մերկ կրծքով երիտասարդ կանայք կանգնել են ռուսական դեսպանատան դարպասների մոտ` պահելով ցուցանակ, որի վրա գրված էր «Ազատություն Pussy Riot-ին»: Նույն նախադասությունը գրված է եղել նաեւ մասնակիցների մարմինների վրա, հայտնում է Nelonen-ը:
Սկզբում կանայք պարզապես կանգնել են մայթին լուսանկարվելու համար, այնուհետեւ գործի են անցել: Նրանք շարք են կանգնել դեսպանատան բաց դարպասների մոտ` թույլ չտալով տարածք մուտք գործել սեւ մեքենային:
«Մենք արվեստագետ ենք, ստեղծագործ դասի ներկայացուցիչներ եւ մայրեր: Մենք այս քայլին ենք դիմում հանուն խոսքի ազատության»,-հայտնել են ակտիվիստները:
Ակցիան տեւել է մոտ 20 րոպե եւ ավարտվել է ոստիկանության ժամանմամբ: Թե արդյոք ֆիննական միջադեպի մասնակիցները պատասխանատվության են ենթարկվել, դեռեւս հայտնի չէ:




























