Հակամանրէական նյութը` տրիկլոզանը, որը կիրառվում է լվացող միջոցների ու կոսմետիկայի մեջ, կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել: Այդպիսի եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, գրում է MedikForum-ը:
Տրիկլոզան կարող են պարունակել նաեւ անձնական հիգիենայի եւ կոսմետիկ պարագաները` հակամանրէական օճառը, ատամի մածուկը, շրթներկը: Այսպես, նախորդ գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ տրիկլոզանը կարող է խնդիրներ հարուցել պտղաբերության հետ կապված, ինչպես նաեւ բացասաբար անդրադառնալ դեռ չծնված երեխաների ուղեղի վրա:
Այն նաեւ քայքայիչ ազդեցություն է թողնում դիմադրողականության վրա եւ հարուցում ալերգիաներ: Հիմա գիտնականները պարզել են, որ տրիկլոզանը խախտում է գործընթացը, որով մեր օրգանիզմի մկանները, այդ թվում նաեւ սիրտը, ստանում են ուղեղից ազդակներ:
Մկների վրա կատարած փորձարկումները ցույց են տվել, որ 20 րոպե անց տրիկլոզանը նվազեցնում է սրտի գործելու ունակությունը 25 տոկոսով:




























