Ճապոնիան թեեւ ընդհանուր առմամբ հրաշքների երկիր է, սակայն ամենազարմանալին հենց իրենք` ճապոնացիներն են: Նման կարծիք հայտնեց «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը: Նրա ղեկավարած պատվիրակությունը ճապոնական կողմի հրավերով մեկնել էր Ճապոնիա` մասնակցելու Հիրոսիմայի ռմբակոծման տարելիցին: Այցը կայացել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:

Կենտրոնի ղեկավարն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց հրավիրող  կազմակերպություններին`YMCA –ին (Պատանեկան քրիստոնեական ասացիացա), «Հայաստանի գրքեր» կենտրոնին եւ հրավիրող ընտանիքին:

Այցի շրջանակում պատվիրակությունը, բացի Հիրոսիմայի տարելիցի միջոցառմանը մասնակցելուց, եղել է նաեւ Տոկիոյում, Կիոտոյում, Օսակուում եւ Այոյում: «Տպավորությունները ֆանտաստիկ են», -պատմեց կենտրոնի ղեկավարը:

«Այդ ողջ ընթացքում մենք հողի ոչ մի չխնամված կտոր չգտանք, ցանկացած, անգամ ամենափոքրիկ բակը, զարդարված է ծաղիկների թաղարներով: Սա վկայում է բնության նկատմամբ մեծ սիրո մասին: Սակայն ամենագլխավորը իրենք` ճապոնացիներն են` բարեկիրթ, բարյացակամ, սիրալիր»,-նշեց Փիլիպոսյանը:

Պատվիրակությունն  այցելել է նաեւ Հայաստանի դեսպանատուն. «Նոր կապեր ստեղծվեցին: Հուսով եմ, դրանց օգնությամբ կհաջողվի ընդլայնել ծրագիրը»,-նշեց Փիլիպոսյանը:

«Խիկարի»  ճապոներեն «լույս» է նշանակում: Մի քանի տարի առաջ կենտրոնի նախաձեռնությամբ հայ երեխաներն սկսեցին ռմբակոծության տարելիցին ճապոնական ավանդական լապտերներ եւ «կռունկներ» ուղարկել Ճապոնիա: Այս տարի հայ երեխաներն առաջին անգամ կարողացան մասնակցել միջոցառմանը: Հիմա «Խաղաղության լապտերներ» ծրագիրը միջազգային է դարձել: