Օգոստոսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, շնորհավորելով գնդապետ Ջ. Ստիմսոնին ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդը իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման եւ խորացման գործում:

ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը եւ վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: