Հայաստանում հացի եւ ալյուրի գնի բարձրացում նկատվում է, սակայն դա չի հանգեցնի դժվարությունների սպառողների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, մեկնաբանելով, որ ցորենը միջազգային շուկայում հունիսի համեմատ աճել է 17 տոկոսով:

«Կարծում, որ դա այնպիսի խոշոր թանկացում չէ, որ սպառողների համար դժվարություններ առաջացնի: Որոշակի թանկացումներ հիմնական պարենային ապրանքների կտրվածքով կլինեն: Բայց դեպքերում չեմ կարծում, որ դրանք կլինեն անտանելի  սպառողների համար»,- նշեց Վ. Բոստանջյանը:

Պատասխանելով այն հարցին, թե, այնուամենայնիվ, միտումներ կան, որ գնաճը կշարունակվի, տնտեսագետը նշեց, որ գյուղատնտեսական մթերքների գների առումով գնաճ չի լինելու: Եւ դա, ըստ Վ. Բոստանջյանի,  ուղղակիորեն հասկանալի պատճառներով կապված է տեղական գյուղմթերքների աճի հետ, որի պայմաններում գները ավելի զուսպ են: «Այստեղ փոխհատուցումներ կլինեն որոշ ապրանքատեսակների կտրվածքով, որոնք, ըստ էության, Հայաստանը չի արտադրում: Հետեւաբար` ներկրվող ապրանքների գների բարձրացումը կփոխհատուցվի տեղական գյուղմթերքների գների անկմամբ: Եվ սպառողների համար մեծ դժվարություններ չեն լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը (FAO) հայտարարել է,թե ցորենի եւ շաքարի համաշխարհային գները կտրուկ աճել են հուլիսի ընթացքում: Գնաճի հիմնական պատճառը ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում երաշտն է:

Ցորենը միջազգային շուկայում հունիսի համեմատ աճել է 17 տոկոսով, հաղորդում է FAO-ն:

Բրազիլիայում հորդառատ անձրեւներից հետո շաքարի գները հասել են նոր առավելագույնի: Հուլիսին ողջ աշխարհում սննդամթերքի գները միջինը թանկացել են 6 տոկոսով: