Սիրիական հակամարտությունը արտացոլվում  է հարեւան Լիբանանում:  Տեղացի շիիթները հանդես են գալիս երկրում թաքնվող  սիրիացի ընդդիմադիրների դեմ: Լիբանանի տարածքում գտնվող զինվորական տեղամասերում անհանգստություն է տիրում:
Շիիթ կլանի ղեկավար Ալ Մեքդադը, ում որդին առեւանգվել է Դամասկոսում, «Սիրիական ազատ բանակի» զինյալներին 48 ժամ է տվել նրան ազատ արձակելու  համար: Հակառակ դեպքում նա խոստացել է առեւանգել Լիբանանի տարածքում թաքնվող սիրիական ընդդիմության բոլոր կողմնակիցներին:

Օգոստոսի 14-ին Բեյրութի մի շարք թաղամասերում «որս» է սկսվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հառակորդների նկատմամբ եւ կրակոցների ձայներ են լսվել: Հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ պահպանվում է միջդավանաբանական խռովությունների վտանգը սունիթների եւ ալավիթների միջեւ, կրկին նկատվել են զինված մարտիկներ:

Ինչպես հաղորդում է «Վեստին», վերջին տվյալներով Ալ Մեկդադ մարտական կլանի ձեռքում են գտնվում ՍՍԱ-ի 26 անդամ, այդ թվում երկու դասալիք սպաներ, ովքեր լքել են Սիրիայի Զինված ուժերը: Չնայած ՍՍԱ-ի քաղաքական բաժնի ղեկավար Բասամ Դադան հերքում է այս տեղեկատվությունը` բոլոր ձերբակալվածներին անվանելով «սիրիացի փախստականներ»: Նրա տեղեկությամբ, Դամասկոսում առեւանգված Հասան Մեկդադը հանդիսանում է «Հըզբոլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ  շեյխ Նաիմ Քասեմի օգնականներից մեկը: Սիրիական ընդդիմությունը մեղադրում է լիբանանյան շիիթ խմբավորմանը` Իրանի հետ միասին Բաշար Ասադի ռեժիմին ցուցաբերած աջակցության համար:

Գիշերը շիիթ կազմակերպության  ակտիվիստները ամբողջովին փակել են միջազգային օդանավակայանի ճանապարրը: «Ալ- Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկացմամբ, ֆրանսիական ավիաընկերությանը պատկանող Air France ինքնաթիռը ստիպված է եղել վայէջք կատարել Ամմանում:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը պահանջել է անմիջապես դադարեցնել մայրաքաղաքում հանրային անվտանգության խախտումները եւ լիբանանցիների եւ այլ երկրների քաղաքացիներին վտանգի չենթարկել: Պետության ղեկավարը հրամայել է բացել բոլոր արգելափակված ճանապարհները եւ ուժեղացնել օտարերկրյա դեսպանատների հսկողությունը: