Տյումենում այրել են սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մի քանի հարյուր կգ գյուղմթերք, որը ներմուծվել է Ադրբեջանից եւ միջինասիական պետություններից։ «Տյումենյան կյանք»-ի թղթակցին այս մասին հայտնել է Ռուսաստանի Տյումենի  շրջանի գյուղտնտեսական  վերահսկողության վարչությունից՝ նշելով որ, անցյալ շաբաթվա ընթացքում գրասենյակի մասնագետների կողմից Ռոշինո միջազգային օդանավակայանում Ադրբեջանից եւ Միջին Ասիայից ժամանած ուղեւորների մոտից առգրավվել են մոտ 330 կգ սանիտարական պահանջներին չհամապատասխանող գյուղմթերք: Առգրավված մթերքի մեջ եղել է սեխ, ընկույզ, համեմունքներ եւ տարբեր տեսակի մրգեր:

Մթերքի առգրավման պատճառ է դարձել Տյումենի տարածք մթերքի հետ միասին պարազիտ միջատների տեղափոխումը: Օրինակ, Ուզբեկստանից ժամանած ուղեւորի ձեռքի ուղեբեռում եղած լոբու մեջ եղել են կենդանի բզեզներ, իսկ համեմունքների մեջ` վտանգավոր բույսի` ափսինթավոր ամբրոզիայի սերմեր: