Ավելի քան 100 զինծառայող եւ հատուկ ու մարտական ռուսական 30 միավոր կմասնակցի ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2012» համատեղ զորավարժությանը, որը սեպտեմբերին տեղի կունենա Հայաստանի տարածքում:

Ինչպես հայտնում են Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունից, զինավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ մասնակից երկրների բանակների համատեղ ուժերի միասնական գործողությունները` ենթադրյալ հակառակորդի հարձակման եւ հակագրոհի կազմակերպման դեպքում:

Ներկայումս ավարտվում են ուսումնավարժանքների մեջ ներգրավված  անձնակազմի մասնակցությամբ մի շարք պրակտիկ  դասընթացներ, որոնք ացկացվում են «Ալագյազ» եւ «Կախմուդ» ուսումնական  կենտրոններում։

Հայաստանում ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական  ուժերի զորավարժությունները կիրականացվեն համաձայն Համատեղ օպերատիվ  գործողությունների  եւ կառավարման մարմինների  մարտական պատրաստվածության,  ուժերի ձեւավորման եւ ՀԱՊԿ-ի 2012 թ-ի համատեղ անվտանգության համակարգի պլանի։

Զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը:

Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ԱԱՀՈՒ ազգային զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի (ուժերի) ներկայացուցիչներին: